կարևոր
935 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-05 17:50

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետը նախ ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: 

Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձի առիթով և կարևորել շնորհավորանքի խոսքերը ԵԿՄ-ում հնչեցնելը, որովհետև միությունը Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի արտահայտություններից մեկն է: 

Կառավարության ղեկավարը նկատել է՝ մեր ազգային ճակատագիրն ուսումնասիրելիս կարող ենք արձանագրել, որ մեր հաղթանակների մեծագույն մասը կապված է հենց մեր ուժերին, ինքներս մեր անցյալին և մեր ապագային հավատի հետ:

«90-ականներին այդպես էր, և այդ հավատի ամենավառ արտահայտիչներից մեկը Վազգեն Սարգսյանն էր, դարասկզբին՝ 1918 թվականին, Արամ Մանուկյանն էր,  և կարծում եմ՝ հենց ժողովրդի ինքնապահպանման բնազդը և ընդունակությունը ժամանակ առ ժամանակ ստեղծում է, դուրս է բերում գործիչների, ովքեր իրենց մեջ դաստիարակելով հավատը՝      կարողանում են վարակել նաև ուրիշներին: Մեր խնդիրը հետևաբար նույնն է բոլոր ժամանակներում»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի  մեր ժողովրդի հնարավորինս  մեծ թվով ներկայացուցիչներ հավատան իրենք իրենց, իրենց ստեղծարար տաղանդին, իրականությունը, աշխարհը և ապագան փոխելու իրենց ուժին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հենց այդ հավատի և հատկության շնորհիվ է, որ մենք պետք է կերտենք նորանոր հաղթանակներ։

Վարչապետի խոսքով՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ճիշտ է նշել, որ, ցավոք, այդ կորսված ժամանակների մի հատվածում նաև Երկրապահ կամավորականների միության դերի և նշանակության մասին եղել են ոչ միանշանակ դիրքորոշումներ և մոտեցումներ: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ միանշանակ կիսում է այն տեսակետը, որ ԵԿՄ-ն չպետք է ինքնին դառնա քաղաքական կողմ և քաղաքականության մաս, որովհետև ազատամարտը, որը մեր ժամանակակից պատմության անառարկելի և անքննելի արժեքն է, չի կարող սեփականվել որևէ քաղաքական ուժի՝ առավել ևս որևէ քաղաքական իշխանության կողմից, որովհետև դա համաժողովրդական ձեռքբերում է, համաժողովրդական հարստություն, և այդ հարստությամբ, համաժողովրդական հպարտությամբ հպարտանալու հնարավորություն պիտի ունենա Հայաստանի Հանրապետության, Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, և ընդհանրապես, յուրաքանչյուր հայ:

Վարչապետն ընդգծել է, որ այդ հաղթանակը չի տարվել նրա համար, որ ուրիշներին անընդհատ ի ցույց դրվի: Հաղթանակը տարվել է նրա համար, որ այսօր յուրաքանչյուր հայ, Հայաստանի Հանրապետության և Արցախի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա արժանապատիվ, պաշտպանված՝ որպես հպարտ երկրի հպարտ քաղաքացի, որի իրավունքները և հնարավորությունները ոչ միայն պաշտպանված են, այլև երաշխավորված: