ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով մասնավորապես առաջարկվում է ներդնել հեռավար կրթության իրականացնելու մեխանիզմ՝ հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցներով: «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին և «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագիծն ԱԺ նիստում ներկայացրե է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշել է, որ առաջինից երկրորդը ընթերցման ընթացքում բոլոր խմբակցությունները հեռավոր կրթության ձևակերպման հետ կապված խնդիրներ են տեսել: «Մենք աշխատեցինք և վերաձևակերպեցինք, որ հեռավար կրթությունը կրթական ծրագրի իրականացման ձև է, հանվել է այլընտրանքային ձևը, որպեսզի դպրոցների համար պատրվակ չդառնա, որ ամբողջությամբ անցնեն հեռավար կրթության»,-ասաց նա:
Եթե դիցուկ երկու անգամ ուսուցչի մրցույթ է կազմակերպվում և տվյալ տեղի համար դիմորդներ չեն լինում կամ մրցույթը չի կայանում, կարող են իրականացնել հեռավար կրթություն, սակայն կարգ է սահմանվում, թե դա ինչ ժամկետով կարող է լինել, և թե հաջորդ մրցույթը երբ կարող է հայտարարվել:
Սահմանվել է նաև, որ մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ ուսումնական հաստատության տնօրենի ընտրության գործընթացում: Սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է առաջին հերթին տվյալ դպրոցում սովորող քույր կամ եղբայր ունեցող երեխաներին, երկրորդը՝ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին:
Սահմանվում են նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը: