կարևոր
924 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-05 17:36

Արման Թաթոյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումները

Արման Թաթոյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 5-ին Ստրասբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Լուրը հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

Հանդիպմանը քննարկվել է ինչպես Հայաստանում ներկայում տեղի ունեցող իրադարձություններին, այնպես էլ առհասարակ երկրի մարդու իրավունքների պաշտպանության համակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մասնավորապես, քննարկվել են դատաիրավական բարեփոխումները Հայաստանում, խոշտանգումների դեմ պայքարն ու կանխարգելումը, փակ հաստատություններում վատ վերաբերմունքի կանխարգելումը և Մարդու իրավուքների պաշտպանի գործունեությունն այս ոլորտում:

Առանձին անդրադարձ է կատարվել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը, զինծառայողների ընտանիքների իրավունքներին, զինված ուժերում կանանց դերի բարձրացմանը: Արման Թաթոյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի և Պաշտպանության նախարարության գործընկերությամբ Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում իրականացվող ծրագիրը:

Գլխավոր քարտուղարը կարևորել է Եվրոպայի խորհրդի համագործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի հետ և բարձր գնահատել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների պաշտպանության ու երկրի իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման հարցում: