կարևոր
1005 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-05 17:33

«Աբովյան» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկները միացան սննդի ապահովման նոր համակարգին

«Աբովյան» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկները միացան սննդի ապահովման նոր համակարգին

 «Աբովյան» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկները 2020 թվականի մարտի 1-ից ևս միացան մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար նախատեսված սննդի ապահովման նոր համակարգին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Սննդի ապահովման գործընթացը 2019 թվականի հոկտեմբերից, «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում մեկնարկած փորձնական ծրագրի արդյունքում, պատվիրակվեց բաց մրցույթում հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին։

Այսօր արդեն շահառու քրեակատարողական հիմնարկների թիվը 4-ն է, իսկ մինչև 2020 թվականի հունիսն այս համակարգը ներդրված կլինի Հայաստանում գործող բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում։

«Աբովյան» ՔԿՀ-ում մարտի 1-ից գործող սննդի ապահովման նոր ծրագրի ներգրավման մանրամասներն ուսումնասիրելու նպատակով Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը և առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն այցելել են ՔԿՀ, որտեղ հիմնարկի վարչակազմի հետ ծանոթացել օրվա ճաշացանկին և սննդի մատուցման որակին։

ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանն ուրախությամբ փաստել է, որ սննդից օգտվում են բոլոր դատապարտյալները։ «Ինչպես խոստացել ենք, մինչև 2020 թվականի հունիս բոլոր 12 քրեակատարողական հիմնարկները կօգտվեն այս համակարգից»,- նշել է ՔԿԾ պետը։ 

«Ռեդի-Սթեդի» ընկերության տնօրեն Բակուր Մելքոնյանի խոսքով՝ Քրեակատարողական ծառայության հետ նաև քննարկվում է ծրագիր դատապարտյալներին խոհարարական դասընթացում ներգրավելու վերաբերյալ, որպեսզի ՔԿՀ-ից հետո տիրապետելով խոհարարական հմտությունների՝ աշխատանքի տեղավորման հետ կապված ունենան այլընտրանքային հնարավորություններ։

Հարկ է նշել, որ մասնավոր ընկերության կողմից առաջարկվող ճաշացանկը տարբեր է, իսկ օրական պատրաստվող սննդակարգում ներառված են նախաճաշը, ճաշը և ընթիքը։ Օրվա համար նախատեսված սնունդը պատրաստվում է տեղում բարձր որակավորում ունեցող փորձառու խոհարարների կողմից։ Սնունդը տրամադրվում է՝ համաձայն մեկ շաբաթվա համար նախօրոք կազմված ճաշացուցակի, որը ներկայացնում է մատակարարող ընկերությունը, և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից։ Ճաշացանկը փոխվում է յուրաքանչյուր շաբաթ՝ սննդի բազմազանությունն ապահովելու համար։

Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։