748 դիտում, 2020.03.05 12:18

Բեռնատար ավտոմեքենաները մինչև օրվա ավարտը կհատեն հայ-վրացական սահմանը

Բեռնատար ավտոմեքենաները մինչև օրվա ավարտը կհատեն հայ-վրացական սահմանը

Հայ-վրացական սահմանի մոտ կուտակված բեռնատար ավտոմեքենաները մարտի 5-ին՝ մինչև օրվա ավարտը, կհատեն սահմանը: Այդ մասին կառավարության նիստում ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ ասել է Էկոնոմիկայի նախաար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ վրացական կողմն աշխատանք է տանում. մինչև օրվա ավարտը մեքենաների անցումն ապահովված կլինի: Կուտակված ավտոմեքենաների քանակն այնքան չէ, որքան նշվում է. գործարարները նշում են մոտ 60 մեքենա։ «Մոտավոր 20-30 մեքենա է, որոնք օրվա ընթացքում զննում կանցնեն ու կհասնեն դեպի Լարս», - նշել է Տիգրան Խաչատրյանը։

Իրանական ծագման մթերք տեղափոխող մի քանի հայկական բեռնատարներ վերջին օրերին չեն կարողանում հատել հայ-վրացական սահմանը, քանի որ վրացական կողմը ժամանակավորապես արգելել է իրանական ծագման մթերքի ներմուծումը՝ պայմանավորված Իրանում կորոնավիրուսի տարածմամբ։ Հայկական որոշ կազմակերպություններ և անհատներ պարբերաբար իրանական մթերք, հիմնականում՝  միրգ ու բանջարեղեն են արտահանում Ռուսաստան՝ Հայաստանը և Վրաստանը օգտագործելով որպես տարանցիկ երկիր։ Այսինքն՝ ապրանքն Իրանից ներկրում են Հայաստան, այստեղ դրանք տեղափոխում հայկական բեռնատարների մեջ և Վրաստանով արտահանում են Ռուսաստան։ Վրաստանը փետրվարի 28-ից, սակայն, ժամանակավորապես արգելել էր իրանական և իտալական մթերքի ներմուծումը։ Հայ գործարարները փաստի առաջ են կանգնել։ Ապրանքն Իրանից ներկրել են Հայաստան, տեղափոխել իրենց պատկանող կամ վարձակալած բեռնատարների մեջ, սակայն չեն կարողանում հատել Վրաստանի սահմանը՝ արգելքի պատճառով։