կարևոր
787 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-04 20:51

Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի ՄԻԵԴ վճռով դիմումատուներին

Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի ՄԻԵԴ վճռով դիմումատուներին

Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով պայմանավորված 259 հազար եվրո կհատկացնի վարչապետի աշխատակազմին: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 5-ի նիստի օրակարգում:

Վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումը:

ՄԻԵԴ-ի «Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի հոկտեմբերի 17-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դիմումատուներին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 259 հազար եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 17-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020 թվականի ապրիլի 17-ն է: