«Ֆեյսբուքն» Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն օգնում է անվճար գովազդային հայտարարություններ տեղադրել կորոնավիրուսի հետ կապված իրադրության մասին եւ հեռացնում է ստահոդ տեղեկությունը: Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը:
Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչները հայտնել էին, որ «Ֆեյսբուքը» արգելք Է սահմանում այն գովազդի համար, որը խոստանում Է պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց կամ բուժել դրանից:
Ցուկերբերգը նշել է՝ եթե օգտատերը սոցցանցում կորոնավիրուսի հետ կապված որեւէ բան է փնտրում, ապա նա կստանա ծանուցում, որի օգնությամբ կարող է մտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայք կամ առողջապահության տարածքային մարմնի էջ՝ ստանալով վերջին տեղեկությունը հիվանդության մասին: Իսկ եթե օգտատերը մի երկրում է, որտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վիրուսի փոխանցում Է գրանցել մարդուց մարդու, նա այդ տեղեկությունը կտեսնի «Ֆեյսբուքի» նորությունների ժապավենում: