կարևոր
2134 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-04 18:06

Թուրքիան չի կարող որևէ դերակատարում ունենալ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում. ԱԳ նախարար

Թուրքիան չի կարող որևէ դերակատարում ունենալ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում. ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարարությունում պլանային էին, և Հայաստանն այս առումով որևէ մտահոգություն չունի: Թուրքիան չի կարող որևէ դերակատարում ունենալ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Մնացականյանն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին:

Սիմոնյանը հիշեցրեց, որ 2 օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման էին մասնակցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում և քննարկել որոշ հարցեր՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ՀՀ ԱԳՆ-ն տեղյա՞կ է՝ ինչ են քննարկել և ինչ քայլեր պետք է արվեն:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառված են նաև հանդիպումներ՝ ԵԱՀԿ-ի,  Մինսկի խմբի անդամ պետությունների միջազգային կազմակերպությունների հետ՝ ըստ անհրաժեշտության: Նա վստահեցրեց, որ այդ հանդիպումները նորություն չեն, արտառոց որևէ բան չկա, դրանք պլանային են և Մինսկի խմբի համանախագահները իրականացնում են իրենց գործառույթները:

«Ամբողջովին վստահելով համանախագահներին՝ շատ լավ գիտենք այդ պլանի մասին և շատ լավ գիտենք, թե նրանք ինչ մոտեցումներով են աշխատում, քանի որ մենք ենք աշխատում նրանց հետ: Այս առումով որևէ արտառոց բան չկա; Սա առաջին հանդիպումը չէ, սրանից առաջ եղել են հանդիպումներ մի շարք այլ երկրների հետ, ծրագրված են այլ հանդիպումներ: Սա նորմալ բնականոն աշխատանք է,  մենք որևէ մտահոգություն չունենք այն մասով, ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահներին: Գուցե տարբերությունը նրանումն է, որ եղավ Թուրքիայի կողմից մեկնաբանություն: Ի դեպ, եթե անկեղծ լինենք. այդ մեկնաբանությունում չկար որևէ բան, որ մենք նախկինում չէինք լսել: Եվ մենք այդ առումով հանդես եկանք մեր հայտարարությամբ: Այդ մոտեցումը բոլորին ծանոթ է , որ Հայաստանի և հայ ժողովրդի  նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂՀ-ի հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ Թուրքիան չի կարող ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ ուղիղ»,-ասաց նա:

Մնացականյանը վստահեցրեց, որ Հայաստանի մոտեցումը հստակ է այդ առումով,  շարունակում են աշխատել, իրականացնել նպատակները, աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ: