կարևոր
2506 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-04 15:29

«Դու ոնց որ չես ուզում խելոք նստես տեղդ». Էդուարդ Պողոսյան

Էդուարդ Պողոսյանը, ում ընտանիքը շարունակաբար ճնշումների է ենթարկվել Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի կողմից, տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է 2019 թվականի նոյեմբերի 23-ին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են փակ դեմքով և մահակներով զինված 2 անձ հետապնդում Էդուարդ Պողոսյանին։ Այս դեպքից հետո Էդուարդ Պողոսյանը մեկնել էր Հայաստանից։

Հիշեցնենք, որ 2019թ.  Էջմիածին քաղաքի բնակիչ, գործարար Մհեր Պողոսյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք հասցնելու գործը վերաբացվել էր։ Մանվել Գրիգորյանն այս դեպքից հետո շարունակաբար ճնշել էր Պողոսյանների ընտանիքին, սպառնալիքներ հնչեցրել։ Ամուսնու սպանությունից որոշ ժամանակ անց Մհեր Պողոսյանի կինը՝ Էդուարդ Պողոսյանի մայրը, վախենալով սպառնալիքներից, մանկահասակ որդիների հետ մեկնել էր Հայաստանից։  Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը հեղափոխությունից հետո ՌԴ-ից վերադարձել էր  և գործի վերաբացման ուղղությամբ աշխատանքներ կատարել։ Էդուարդ Պողոսյանի բողոքի քննությունն ավարտվում է, սակայն այն դեռևս չի ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Էդուարդ Պողոսյանը տեսանյութը հրապարակել է հետևյալ գրառմամբ. 

«Ես չէի ուզում հրապարակել այս ձայնագրությունը մի շարք պատճառներով, բայց իրավիճակը շատ հեռուն է գնացել։ Երբ ես Հայաստանում էի, ինձ վրա ուշ երեկոյան հարձակվեցին դիմակավորված 2 անձ՝ հնչեցնելով հետևյալ արտահայտությունը՝ «Դու ոնց որ չես ուզում խելոք նստես տեղդ»։ Նրանք զինված էին մահակներով։ Նրանցից մեկի մոտ դանակ նկատեցի, բայց ինձ հաջողվեց փախչել մի քանի հարվածներից հետո։ Ես արդեն ենթադրում եմ՝ ով և ինչու է սա կազմակերպել»: