Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է թուլացնել Ռուսաստանից Բելառուսի էներգետիկ կախվածությունը՝ դիմելով ամերիկացիների օգնությանը: Այդ մասին Լուկաշենկոն հայտարարել է նախօրեին Մինսկում կայացած խորհրդակցության ժամանակ:
«Ես խոսել եմ ԱՄՆ պետքարտուղարի հետ: Նրանք պատրաստ են oգնել մեզ նավթի մատակարարումների և ենթակառույցների ստեղծման հարցում»:
Ըստ Լուկաշենկոյի հայտարարության՝ ԱՄՆ պետական քարտուղար Մայք Փոմփեոն Բելառուսին մրցակցային գներով նավթ է առաջարկել: «Տեսաք նաև, որ Մյունխենի համաժողովի ընթացքում ամերիկացիները հայտարարեցին, թե մեկ միլիարդ դոլար են հատկացնում նավթամատակարարումների համար անհրաժեշտ ենթակառույցների ստեղծման համար: Մենք ևս կարող ենք ակնկալել, որ ամերիկացիներից շատ էժան վարկեր կստանանք բալթիական այդ դժբախտ խողովակաշարը կառուցելու նպատակով», - ասում էր Բելառուսի նախագահը:
Ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Բելառուսի կառավարության համար առաջնահերթություն պետք է դառնա բալթիական նավահանգիստներից բելառուսական նավթամշակման գործարաններ եկող նավթամուղերի կառուցումը: Լուկաշենկոյի պնդմամբ՝ իր ենթականերն այդ հարցում թերանում են, հատկապես որ մեծ ծավալների շինարարության կարիք չկա: Խոսքը ընդամենը արդեն իսկ գոյություն ունեցող և այժմ անգործության մատնված խողովակաշարերը վերանորոգելու և իրար միացնելու մասին է:
Ըստ Բելառուսի կառավարության՝ 100-կիլոմետրանոց խոսովակաշարը հնարավոր է կառուցել ոչ ավել, ոչ պակաս երեք տարում: Այնինչ Լուկաշենկոն պնդում է, որ առավելագույնը մեկուկես-երկու տարի պետք է տևի շինարարությունը: «Խողովակաշարերի այդ միացումների համար անհրաժեշտ 100-120 միլիոն դոլարն էլ մենք ինքներս կհայթայթենք: Պարզապես պետք է տեղից շարժվել», - հայտարարում էր Լուկաշենկոն` դիմելով կառավարության անդամներին:
Նրա խոսքով՝ ձեռնարկվող քայլերի արդյունքում Բելառուսը կկարողանա սահմանափակել ներքին շուկայում ռուսական նավթի ծավալը՝ նշելով, որ Մինսկը, այդուհանդերձ, նպատակ չունի ամբողջությամբ հրաժարվել Ռուսաստանում արդյունահանված նավթի ներկրումից:
«Նավթի 40, գուցե 50 տոկոսը մենք կշարունակենք գնել Ռուսաստանում, եթե նրանք, իհարկե, ցանկանան: Դա տեղի կունենա, երբ մենք վերջնականապես դիվերսիֆիկացնենք մեր շուկան: Դրանից հետո մեզ անհրաժեշտ նավթի 30 տոկոսը կգնենք բալթյան պետություններում, ևս 30 տոկոսը՝ Օդեսայից: Այդ դեպքում մենք կունենանք նավթի երեք աղբյուր, դա նավթի ներկրումների առումով լիակատար դիվերսիֆիկացում կնշանակի», - նշում էր Բելառուսի նախագահը: