կարևոր
1105 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-04 14:46

Եթե իրանական ապրանքները չվերարտահանվեն Ռուսաստան, ապա իրացվելու են հայկական շուկայում

Եթե իրանական ապրանքները  չվերարտահանվեն Ռուսաստան, ապա իրացվելու են հայկական շուկայում

Կառավարության որոշմամբ Իրանի հետ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը երկարաձգվելու է մինչև մարտի 24-ը, այն նաև վերաբերում է բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներին: Իսկ Վրաստանի տարածքով Ռուսաստան իրանական ծագման մրգի և բանջարեղենի վերարտահանումը ժամանակավորապես դադարեցվել է: Այս մասին կորոնավիրուսի հետևանքով սահմանին առաջացած իրավիճակի վերաբերյալ իր վերլուծության մեջ գրել է ՏԶՆԿ-ն:

«Արտահանման և ներմուծման կտրվածքով նշենք, որ 2019թ.-ին Իրան-Հայաստան առևտրաշրջանառությունը կազմել է 408.8 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2018թ.-ի համեմատ 12.4% աճ է արձանագրել: Երկու երկրների միջև ապրանքների առևտրաշրջանառությունը 2019թ.-ին կազմել է Հայաստանի առևտրաշրջանառության ընդամենը 5%-ը: 2019թ.-ին Հայաստանը հիմնականում Իրան է արտահանել Էլեկտրաէներգիա, ոչխարի կամ այծի թարմ միս: Ներմուծման դեպքում՝ հիմնականում բնական և հեղուկ գազ ,նավթ և նավթամթերք: Մինչև 2020թ.-ի մարտի 24-ը բեռնափոխադրումների սահմանափակումը Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա, իսկ ուղևորափոխադրումների սահմանափակումը զբոսաշրջության ոլորտի միջոցով կազդի մեր տնտեսության մի շարք ոլորտների վրա՝ կացության և հանրային սննդի կազմկերպման վրա, ինչը կարող է դանդաղեցնել տնտեսական աճի տեմպը:

Եթե  իրանական  ապրանքները չվերարտահանվեն Ռուսաստան, ապա իրացվելու են հայկական շուկայում՝ մրցակցություն առաջացնելով տեղական և իրանական ապրանքների միջև: Հայ սպառողը ընտրության դեպքում կարող է ընտրել ավելի էժան ապրանք:

Այսպիսով՝ Իրանի հետ բեռնափոխադրման վրա սահմանափակումը Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա, ուղևորափոխադրումը՝ կդանդաղեցնի տնտեսական աճի տեմպը հատկապես 2020թ.-ի առաջին եռամսյակում, իսկ Վրաստանի տարածքում իրանական ծագման ապրանքների վրա արգելանքը՝ կհանգեցնի հայկական գյուղմթերքի շուկայում գների իջեցմանը և գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների կրճատմանը»,-նշել է ՏԶՆԿ-ն: