ՀՀ Ազգային ժողովում ԱՊՀ երկրների ահաբեկչության դեմ պայքարի հարցում տեղեկատվության փոխանակմանն առնչվող համաձայնագրի քննարկմանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցին, նշել է, որ ԱԱԾ-ն ինքնամաքրման գործընթացով է զբաղվելու։
Գորգիսյանը մեջբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 26-ին Կառավարության նիստի ժամանակ արած հայտարարությունը, ըստ որի դավաճաններ են եղել նախկինում իրավական համակարգում, որոնք խոչընդոտել են կոռուպցիայի դեմ պայքարին: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվել այս ուղղությամբ, ԱԱԾ-ն գտե՞լ է այդ դավաճաններին, թե՞ ոչ:
«Դա ընթացիկ գործնթաց է: Մենք ինքնամաքրման գործընթացով ենք զբաղվելու: ԱԱԾ-ն կմաքրվի այն անձանցից, ովքեր դավաճան են, հայրենասեր չեն, արատավորում են սպայի պատիվը»,- պատասխանել է Էդուարդ Մարտիրոսյանը: