Խորհրդարանը քննարկում է «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների, ինչպես նաեւ դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 3-ին Տաշքենդում՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կառավարությունների կողմից: Համաձայնագրի նպատակն է ահաբեկչության և ծայրահեղականության, այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման ապահովումը: Հայաստանը ստորագրել է համաձայնագիրը, սակայն չի վավերացրել, ուստի այն Հայաստանի համար ուժի մեջ մտած դեռ չի համարվում:
Հարցի հիմնական զեկուցող Էդուարդ Մարտիրոսյանի խոսքով՝ ինֆորմացիայի համակարգումը կատարվում է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի կողմից: «Բոլոր պետությունները իրենց տվյալները ահաբեկիչների մասին մուտքագրում են շտեմարան : Մենք կարող ենք տեղեկանալ և տեղյակ պահել այս կամ այն անձի՝ ահաբեկչական որևէ խմբավորման անդամ լինելու մասին»,-նշեց նա:
Համաձայնագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն իրավասու մարմինների և ԱՊՀ մարմինների միջոցով հարցումների հիման վրա:
ՀՀ արդարադատության նախարարության եզրակացությամբ՝ համաձայնագիրը ենթակա է վավերացման, քանի որ այն վերաբերվում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև քաղաքացու ազատություններին: