Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը: Ներկայացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպման վերաբերյալ հարցն ու ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը.
Հարց. Նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում։
Պատասխան. Արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը։ Հավելենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ։