կարևոր
684 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-03 14:30

Աժ-ում քննարկվեց հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինվորին փոխհատուցում տալու նախագիծը

Աժ-ում քննարկվեց հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինվորին փոխհատուցում տալու նախագիծը

Աժ պատգամավորներն այսօր քննարկեցին կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների շրջանակը, հատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում: Հարցը զեկուցեց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:

 «Առաջարկվում է, որ հիմնադրամի շահառու հանդիսանան ոչ միայն ուղղակիորեն մարտական գործողությունների կամ մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք իրականացնելու ժամանակ այն զինծառայողները, որոնք վիրավորումը կամ կյանքի հետ անհամատեղելի վնասը ստացել են անմիջականորեն շփման գծում,  այլ նաև ցանկանում ենք ներառել հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում կյանքին կամ  առողջությանը հասցված վնասի դեպքերը»,-ասաց Բալայանը:

Ըստ նախագծի՝ եթե  զինծառայողը վնասվածքը ստացել է հակառակորդի կողմից նախաձեռնած գործողության հետևանքով, ձեռք է բերել առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն,  կներառվի շահառուների ցանկում և կստանա հատուցում:

Բալայանը  նշեց, որ պետբյուջեից հատկացումներ չեն լինելու դրա համար, հատկացումները կլինեն բացառապես հիմնադրամից, այսինքն՝ հասարակության, աշխատող քաղաքացիների հաշվին: Նա նաև տեղեկացրեց, որ օրենքի շրջանակներից դուրս քննարկում են հատուցման գումարի չափը բարձրացնելու հարցը:
Ունեն վարչապետի հանձնարարականը: