կարևոր
663 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-03 12:30

Լոռու մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 243 դեպք

Լոռու մարզի տարածքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 243 դեպք

Լոռու մարզի դատախազությունում իրականացված ամփոփման համաձայն՝ 2019թ. ընթացքում մարզի տարաքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 243 դեպք, որոնցից 94-ով հարուցվել են քրեական գործեր: Համեմատության համար նշենք, որ 2018թ. ընթացքում այս բնույթի դեպքերով հարուցվել է 63 քրեական գործ, այսինքն՝ 31-ով կամ 49,2 %ով պակաս։ Լուրը հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: 

Բարելավվել է այս բնույթի դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննության որակը: Միայն 2019թ. ընթացքում դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 38 քրեական գործ՝ 40 անձի վերաբերյալ, այն դեպքում, երբ 2018թ. ընթացքում դատարան է ուղարկվել 10 քրեական գործ՝ 10 անձի վերաբերյալ: Այսինքն դատարան ուղարկված քրեական գործերի թիվն աճել է 28-ով կամ 280%-ով, իսկ անձանց թիվը՝ 30-ով կամ 300%-ով։

Ավելին, հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն աճել է նաև դատարանում ավարտված քրեական գործերի թիվը: Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում դատարանում քննված քրեական գործերից մեղադրական դատավճիռներով ավարտվել է 27 քրեական գործ՝ 29 անձի վերաբերյալ, այն դեպքում, երբ 2018թ. ընթացքում դատարանում քննվել և ավարտվել են 7 քրեական գործ 7 անձի վերաբերյալ: Այսինքն աճը կազմել է մոտ 4 անգամ:

Հարկ է նշել, որ 2019թ. ընթացքում միայն Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո նախաքննության և դատաքննության փուլում գտնվող քրեական գործերով հայտնաբերվել է բնությանը պատճառված շուրջ 322 մլն ՀՀ դրամի վնաս, որը 2018թ. ցուցանիշը գերազանցում 12.5%-ով։ Վերականգնվել է 3մլն ՀՀ դրամ, որը 2018թ. համեմատ կրկնակի ավելի է: Չվերականգնված գումարի մի մասով կալանք է դրվել մեղադրյալների շարժական, անշարժ գույքի վրա, մյուս մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Անտառային տնտեսություն վարող պաշտոնատար անձանց մասով դատարանում մեղադրողների կողմից միջնորդվում է հիմնական պատիժներին զուգահեռ նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով։