կարևոր
1345 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-03 10:38

Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ապօրինի միգրացիայի կազմակերպումը դիտարկելով որպես անդրազգային հանցավորության տեսակ, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայքար մղելով այդ երևույթի դեմ, բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2018 թ. հուլիսից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևանում և Արագածոտնի մարզում բնակվող մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, շահադիտական նպատակով, 3500-3800 եվրոյի դիմաց ստանձնել են կազմակերպել ավելի քան 20 ՀՀ քաղաքացիների ապօրինի արտասահման տեղափոխելու գործընթացը: Նրանք համապատասխան մուտքի արտոնագրերի ստացումն ապահովելու համար պատրաստել են կեղծ փաստաթղթեր` ամուսնության վկայականներ, աշխատավայրի վերաբերյալ տեղեկանքներ, բանկային հաշվի շարժի քաղվածքներ, որոնց օգտագործմամբ ՀՀ–ում գործող մի շարք եվրոպական երկրների դեսպանություններից ստացված մուտքի արտոնագրերով միգրանտները լքել են Հայաստանի Հանրապետությունը և ապօրինի մուտք են գործել «Շենգենյան համաձայնության» երկրներ: