կարևոր
2279 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-02 18:50

Վարչապետն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենին

Վարչապետն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ ԵԽ բարձրաստիճան պատվիրակության այցը լավ հնարավորություն է համագործակցության օրակարգը քննարկելու համար, և անդրադարձել մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թ. թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն այժմ ընթանում է ժողովրդավարական ինստիտուտների հզորացման ճանապարհով, և այդ գործընթացում միջազգային, այդ թվում՝ եվրոպական կառույցների հետ գործընկերությունը կարևոր նշանակություն ունի:  

Խրիստոս Յակումոպուլոսի խոսքով՝ Եվրոպայի խորհուրդը կարևորում է Հայաստանի հետ գործընկերության ամրապնդումը և պատրաստակամ է օժանդակություն տրամադրել մեր երկրին բարեփոխումների գործընթացում:

Զրուցակիցները քննարկել են դատաիրավական ոլորտում բարեփոխումների շրջանակում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը վերահաստատել են մեր երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ համատեղ խորհրդատվական քննարկումները շարունակելու և համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: