կարևոր
2021 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-02 17:05

ԿԳՄՍՆ-ն դեռևս չի պատրաստվում սահմանափակել մարդկանց այցելությունները մշակութային հաստատություններ

ԿԳՄՍՆ-ն դեռևս չի պատրաստվում սահմանափակել մարդկանց այցելությունները մշակութային հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեռևս մշակութային հաստատություններ մարդկանց այցելությունները սահմանափակող որոշում  չի կայացրել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:

«Այսօր ԿԳՄՍ նախարարի մոտ խորհրդակցություն ենք ունեցել և որոշում է կայացվել, որ ի տարբերություն ուսումնական հաստատությունների, մշակութային հաստատությունները դեռևս չեն փակվի: Այս ամենին զուգահեռ, մենք տեղեկություններ ունենք, որ մարդիկ չեղարկում են նախնական պայմանավորվածությունները՝ վերադարձնում են տոմսերը: Այս պահին թողել ենք այցելուների և հանդիսատեսի հայեցողությանը, որպեսզի իրենք որոշեն, այս շրջանում ցանկանում են այցելել մշակութային հաստատություններ, թե ոչ»,- նշել է Խաչատուրյանը:  

Նրա խոսքով՝ մարտի 2-ին, իրենք հանդիպումներ են ունեցել նաև թատրոնների և համերգասրահների տնօրենների հետ և նրանց էլ նույնն են ասել: Մշակութային հաստատությունների տնօրեններից շատերը հաստատել են, որ բազմաթիվ տոմսեր վերադարձվում են և շատ ներկայացումներ չեղարկվել են՝ հանդիսատես չլինելու պատճառով:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ, ովքեր ինքնաթիռում շփվել են այդ տղամարդու հետ: Այս պահին թեստավորվել է ևս 9 հոգի և այժմ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովում սպասում են դրանց պատասխաններին: