Սեւանա լճի ջրածածկ եւ ջրածածկման ենթակա անտառային տարածքներում շարունակվում են անտառամաքրման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից։
2020 թվականի հունվարի 9-ից, «Սեւան ազգային պարկ»-ի Ծովակի տեղամասում վերսկսվել են 2020 թվականի մաքրման աշխատանքները:
Աշխատանքներում ներգրավված է 16 միավոր տեխնիկա:
«Իրականացվող աշխատանքների ընթացքը ուսումնասիրելու նպատակով մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի աշխատակիցները հերթական դիտարկումն են կատարել մաքրվող տարածքում: Նախատեսված է մաքրել շուրջ 887 հեկտար անտառապատ տարածք՝ մինչեւ 2022 թվականն ընկած ժամանակահատվածում: Փետրվարի 28-ի դրությամբ մաքրվել է շուրջ 85 հեկտար ջրածածկ տարածք: Աշխատանքներն իրականացվում են բարեխղճորեն, նախատեսված չափորոշիչներին համապատասխան»,- հավաստել է Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Սիրաս Օհանյանը: