կարևոր
2324 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-02 13:32

Դիմակների անհրաժեշտություն չկա, բայց չգիտես ինչու, բոլորն ուզում են դիմակ կրել.Գեղամ Գևորգյան

Դիմակների անհրաժեշտություն չկա, բայց չգիտես ինչու, բոլորն ուզում են դիմակ կրել.Գեղամ Գևորգյան

ՏՄՊՊՀ-ն միայն երեկվա ընթացքում դիտանցում է իրականացրել մոտ 90 դեղատներում՝ չհաշված ցանցերը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Ուզում եմ նշել, որ արտահանումը տեղի է ունեցել ոչ խոշոր վաճառողների կողմից: Խոշոր դեղատնային ցանցերը կամ ներկրողները չեն արտահանել դիմակ: Որևէ խոշոր ներմուծողի մոտ որևէ դիմակի գին չի բարձրացվել: Այս պահին կան ցանցեր, որտեղ դիմակ գոյություն չունի, բայց գին չի բարձրացվել: Այն տեղեկատվությունը, որ ստեղծվում է, թե կա արհեստական դիֆիցիտ կամ գների չհիմնավորված բարձրացում, իրականությանը չի համապատասխանում: Փոքր դեղատներում կա դիմակի գների բարձրացում, սակայն հիմնական ծավալ ապահովող ընկերությունները գնային փոփոխություն այս պահին չեն իրականացրել»,- հայտարարել է Գևորգյանը:

Գևորգյանը նշել է, որ աշխատանքներ են կատարվում դրսի գործընկերների միջոցով դրսի արտադրողներին կապելու Հայատսանի ներմուծողների հետ, որ կարողանան նոր խմբաքանակներ բերել ՀՀ:

«Բայց աշխարհում ընդհանարպես դիմակների դիֆիցիտ կա և դիմակների գները դրսում բարձրացել են:  Կոչ եմ անում փոքր դեղատներին՝ դրսևորել սոցիալական պատասխանատվություն և խուսափել անհարկի չարաշահումներից: Դիմակների պահանջարկն ուռճացված է, դիմակների անհրաժեշտություն չկա, բայց չգիտես ինչու բոլորն ուզում են դիմակ կրել, դրանք պետք է օգտագործել ըստ անհրաժեշտության»,- հավելեց նա:

Գեղամ Գևորգյանն ասաց, որ ախտահանիչ նյութերի  խնդիրն առաջացել է  նոր  կորոնավիրուսով վարակված առաջին վարակակիրի մասին տեղեկատվությունից հետո, երբ քաղաքացիները մեծ ծավալով սկսել են գնել: ՀՀ-ում երեք ընկերություն կա, որ ախտահանիչ նյութեր են արտադրում: «Արսանիտ» ընկերությունը հիմա վերազինում է իր սարքավորումները և երկու օրվա ընթացքում կկարողանա մեծ ծավալի արտադրություն մտցնել տեղական շուկա:

Բանախոսը ընդգծեց,որ մթերքների գնելու իրարանցումը ավելորդ է, անհրաժեշտություն չկա: