Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 7000 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մարտի 1-ին հրապարակված զեկույցից։
Հինգ նոր անդամ պետություններ (Ադրբեջան, Էկվադոր, Իռլանդիա, Մոնակո և Կատար) հայտնել են COVID-19 վարակման դեպքերի մասին վերջին 24 ժամվա ընթացքում: Աշխարհում 87 137 հաստատված դեպք կա, որոնցից 1739 նոր են։
Վիրուսը տարածվել է 58 երկրներում։ ՉԺՀ-ի սահմաններից դուրս կորոնավիրուսի հետևանքով 104 մարդ է մահացել:
Վարակակիրների թվով առաջին տեղում է Հարավային Կորեան՝ վերջին մեկ օրվա ընթացքում 586 մարդ, երկրորդ տեղում Իտալիան՝ 240 նոր դեպք, երրորդը՝ Իրանը, որտեղ հաստատել են վարակման 205 դեպքի մասին:
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 1-ին, պաշտոնապես հայտարարվեց Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքի մասին։ Վարակակիրն Իրանից Հայաստան վերադարձած 29 տարեկան ՀՀ քաղաքացի է, որի մոտ սկզբնական շրջանում հիվանդություն չի ախտորոշվել, իսկ մեկ օր անց վերջինս դիմել է բժշկի և հաստատվել է վիրուսի առկայության փաստը։ Այս պահին այդ քաղաքացին և նրա հետ ինքնաթիռով վերադարձած ևս 31 անձ գտնվում են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում։