կարևոր
988 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-01 22:20

Մարտի 1-ը Ծաղկաձորում. վարչապետը, նախարարները, պատգամավորներն ու վերջինների ուղեկիցները լուսանկարներ են հրապարակում

Կիրակի երեկոյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության շատ անդամներ, ԱԺ  մի շարք պատգամավորներ,  ֆեյսբուքյան իրենց էջերում տեղադրված լուսանկարներով տեղեկացրեցին, որ գտնվում են Ծաղկաձորում: Հենց այնտեղ են տեղափոխվել 40-ից ավելի այն քաղաքացիները, որոնց մոտ կասկածվում է նոր կորոնավիրուսի առկայությունը: Նրանք գտնվում են «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրում: 

Ավելի վաղ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված չեղարկվեց վարչապետի կողմից  երեկոյան ժամը 18:00-ին նախատեսված՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը: Երթի փոխարեն՝  օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը , բարձրաստիճան այլ հյուրերի հետ միասին Շահումյանի արձանի տարածքում հարգանքի տուրք մատուցեց 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում զոհվածների հիշատակին: Հենց այս արարողությունից հետո գործադիր իշխանության ներկայացուցիները վարչապետի  գլխավորությամբ մեկնեցին Ծաղկաձոր:

 Նիկոլ Փաշինյանն ի դեպ Հայաստանի ամենահայտնի հանգստավայր  գնաց իր ընտանիքի՝ տիկնոջ Աննա Հակոբյանի և դստրերի հետ: 

Մինչ շատերը, սպասում են պաշտոնական նոր տեղեկությունների, կամ էլ Առողջապահության համակարգի ղեկավարի խոստացած ծաղկաձորյան լայֆին՝ վարչապետը, նախարարները, պատգամավորներն ու վերջինների ուղեկիցները լուսանկարներ են հրապարակում Ծաղկաձորում գործող տարբեր ռեստորաններից: 


«Քյոհնա քեֆչիների նման՝ Ծաղկաձորում «օբյեկտից օբյեկտ» ենք անցնում, հիանում ու զարմանում մեր գործարարների տաղանդի վրա, քաջալերում նրանց»,- իր էջում հրապարակած լուսանկարներից մեկը այսպես է վերնագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: