կարևոր
875 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-01 16:42

Արցախում ևս դադարեցվում են դասապրոցեսները

Արցախում ևս  դադարեցվում են դասապրոցեսները

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպից ելնելով հայտարարություն է տարածել։ «Արցախի Հանրապետության կառավարությանը կից ստեղծված՝ Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, փետրվարի 29-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի հայտնաբերման փաստով պայմանավորված, որոշում է ընդունել ս.թ. մարտի 23-29-ի գարնանային արձակուրդները տեղափոխել մարտի 2-ից 7-ը ներառյալ: Հետագա որոշումները կընդունվեն և կհրապարակվեն՝ համաճարակաբանական հսկողության պահանջներին համապատասխան: Կրթության, գիտության և սպորտի նախարարությունը քննարկում է բաց թողնված պարապմունքները լրացնելու խնդիրը ուսումնական ծրագրի բեռնաթափման և ուսումնական գործընթացի ռեժիմի փոփոխությամբ լուծելու հնարավորությունները: Ստեղծված իրավիճակում կարևորում ենք բոլորի և յուրաքանչյուրի համարժեք վարքագիծը՝ համաճարակի տարածումը կանխարգելելու և անհրաժեշտության դեպքում՝ պայքարի արդյունավետ միջոցներ ձեռնարկելու նպատակով: Հորդորում ենք առաջնորդվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունների կողմից հրապարակված ուղեցույցներով: Հիգիենայի սահմանված կանոններին հետևելը զգալիորեն կնվազեցնի գրիպի, կորոնավիրուսային վարակի և այլ սուր շնչառական վիրուսային վարակի և դրանց հետագա տարածման ռիսկը: Շարունակեք հետևել պաշտոնական հաղորդագրություններին Արցախի Հանրային հեռուստատեսությամբ և ԿԳՍ ու ԱՆ նախարարությունների կայքէջերով և ֆեյսբուքյան էջերով: Մաղթում ենք բոլորիդ առողջություն»,- ասված է հայտարարության մեջ: