կարևոր
1879 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-29 17:58

Համաձայնագիր՝ ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի «Թալիբան» խմբավորման միջեւ

Համաձայնագիր՝ ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի «Թալիբան» խմբավորման միջեւ

Մոտ 18 տարի տեւած պատերազմից հետո խաղաղության համաձայնագիր է կնքվել Միացյալ Նահանգների եւ Աֆղանստանի «Թալիբան» խմբավորման միջեւ: Կատարի մայրաքաղաք Դոհայում պատմական փաստաթղթի ստորագրման արարողությանը մասնակցել են ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ խմբավորման առաջնորդները:

Համաձայնագրի ստորագրմանը կհաջորդեն Աֆղանստանի կառավարության եւ Թալիբանի միջեւ բանակցությունները: Փաստաթղթով նախատեսվում է, որ Միացյալ Նահանգները եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները 14 ամսվա ընթացքում դուրս կբերեն իրենց զորքերը Աֆղանստանից:

«Թալիբանն» էլ համաձայնել է թույլ չտալ, որ «Ալ-Ղաիդա» եւ այլ ծայրահեղական խմբավորումները գործունեություն ծավալեն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Հիշեցնենք, որ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշի նախաձեռնությամբ ամերիկյան եւ միջազգային կոալիցիայի զորքերը ներխուժել էին Աֆղանստան: Սա Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենատեւական պատերազմն է, ու երկրորդ անգամ վերընտրվել ցանկացող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր Աֆղանստանում գտնվող ամերիկացի զինծառայողներին տուն վերադարձնել: Հակամարտության ընթացքում ավելի քան 2400 ամերիկացի զինծառայող է զոհվել: ՄԱԿ-ի տվյալներով՝ Աֆղանստանում նաեւ ավելի քան 32 հազար քաղաքացիական անձ է զոհվել: