կարևոր
1465 դիտում, 1 տարի առաջ - 2020-02-29 15:30

Հայաստանում քրդական համայնքը Թուրքիայից պահանջում է թույլ տալ փաստաբաններին տեսակցել Օջալանին

Հայաստանում քրդական համայնքը Թուրքիայից պահանջում է թույլ տալ փաստաբաններին տեսակցել Օջալանին

Հայաստանում քրդական համայնքը փետրվարի 29-ին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ցույց անցկացրեց: Համայնքը միջազգային ատյաններին կոչ է անում թուրքական իշխանություններից պահանջել թույլ տալ փաստաբաններին տեսակցել Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին և տեղեկանալ նրա առողջական վիճակի մասին:

«Փետրվարի 27-ին թուրքական իշխանությունները լուր են տարածել, որ Էմրալի կղզում, որտեղ 21 տարի է բանտարկված է քուրդ ժողովրդի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, հրդեհ է բռնկվել: Նրանք այսքանով ավարտել են իրենց հայտարարությունը և այլ տեղեկություն չեն հաղորդել մեր առաջնորդի առողջության, նրա վիճակի մասին: Ամբողջ աշխարհի քուրդ ժողովուրդը ոտքի է կանգնել: Մենք կասկածի ենք ենթարկում թուրքական իշխանությունների սուտ, ստոր, բիրտ  քաղաքականությունը, որովհետև նրանք առաջ էլ մի քանի անգամ հայտարարություն են տարածել, իբր Օջալանը հիվանդ է, որ կղզում երկրաշարժ է եղել, և երբ մենք ոտքի կանգնեցինք, պարզվեց, որ այդ հայտարարությունները սուտ են: Այժմ  կասկածում ենք արդյոք մեր առաջնորդին ինչ-որ բան պատահե՞լ է, թե՞ ոչ»,- շեշտել է  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:

Նա ընդգծել է, որ ցանկանում են աշխարհին ասել, որ թուրքական իշխանություններից պահանջում են թույլ տալ Օջալանի փաստաբաններին, նրա մտերիմներին ու հարազատներին այցելել Օջալանին` տեսնել, թե ինչ վիճակում է նա ու այդ մասին հայտնել բոլոր քրդերին:

Համայնքի ներկայացուցիչները նշել են, որ չեն դադարեցնելու ցույցերը և շարունակեցին հնչեցնել «Կեցցե’ Օջալանը», «Կեցցե’ մեր առաջնորդ ապոն» վանկարկումները: