«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն այսօր՝ փետրվարի 28-ին, «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքում կազմակերպել է ֆլեշ-մոբ՝ նվիրված սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին։
Ֆլեշ-մոբին մասնակից ավելի քան 500 երիտասարդներ բջջային հեռախոսների լուսատուներով ստացել են «1988 ո՜չ բռնությանը» գրությունը և աղավնու խորհրդանշական պատկերը։
«Ազատ-հայրենիք ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Հարությունյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նախաձեռնության նպատակն է 1988 թվականի փետրվարին Սումգայիթում ադրբեջանցիների կողմից կազմակերպած դաժան և վայրագ իրողությունը հասանելի դարձնել միջազգային հանրությանը։
Նրա խոսքով՝ այն ինչ կատարել է ցեղասպան թուրքը, պետք է իմանա ողջ աշխարհը։
«Թուրքը մինչ այսօր չի փոխել իր ձեռագիրը, և այսօր էլ շարունակում է իր ցեղասպան ծրագրերը։Մեր հակառակորդը ևս մեկ անգամ իր նենգ մտադրություններն ապացուցեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ՝ կրկին հասկանալով, որ հայն անպարտելի է և անկոտրում»,- ավելացրեց Ա. Հարությունյանը։