կարևոր
939 դիտում, 1 տարի առաջ --> 2020-02-28 19:36

Երևանում ծանր հանցագործության համար հետախուզվողը կրակոցներ է արձակել իրավապահների ուղղությամբ

Երևանում ծանր հանցագործության համար հետախուզվողը կրակոցներ է արձակել իրավապահների ուղղությամբ

Այսօր՝ փետրվարի 28-ին, ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղու «Մոնակո Պլազա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում առանձնապես ծանր հանցագործության դեպքով հետախուզվող կա: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվ խմբերը ժամանելով, գրեթե մեկ ժամ բանակցություններ են վարել հետախուզվողի հետ, որպեսզի նա ինքնակամ հանձնվի իրավապահներին, սակայն նա իր մոտ եղած ավտոմատով անընդհատ կրակոցներ է արձակել: Ի վերջո, հետախուզման մեջ գտնվող 27-ամյա Նարեկ Պետրոսյանը ինքնակամ ներկայացել է իրավապահներին:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Երևանում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ժամը 20:00-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 15 շենքի մոտ փորձել էին վնասազերծել Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Պետրոսյանին: 

Ն. Պետրոսյանը, որը 2019 թվականի հոկտեմբերի 11-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և ՀՀ քր օր-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի, հարվածելով ու վնասելով կայանված վիճակում գտնվող ոստիկանական համարանիշներով Nissan մակնիշի ավտոմեքենան, այնուհետև Mercedes, Opel և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: 

Ն. Պետրոսյանը ավտոմեքենաների ջարդ կատարելուց հետո դիմել էր փախուստի: Նա հետախուզման մեջ էր 2019 թ.-ի հոկտեմբերից իր ազգականի նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու համար: 

2019 թ.-ի հոկտեմբերի 2-ին՝ գիշերը ժամը 03:00-ից մինչև առավոտյան ժամը 06:30-ն ընկած ժամանակահատվածում Ն. Պետրոսյանը չնչին առիթով իրեն դիտողություն անելու կապակցությամբ, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով մղված, մի քանի անգամ եկել է Մալաթիա փողոցի 84/3 հասցե և Հովսեփ Պետրոսյանին պատկանող տան բակում իր մոտ եղած ավտոմատով բազմաթիվ անգամ կրակոցներ է արձակել Հ. Պետրոսյանի և վերջինիս տան ուղղությամբ, այդ կերպ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իսկ արդեն հոկտեմբերի 5-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում Ն. Պետրոսյանը զանգահարել է Հ. Պետրոսյանին հեռախոսահամարին և վերջինիս հասցեին տվել սպանության սպառնալիք: 

Արդեն հոկտեմբերի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ՀՀ քր օր-ի 137 հոդվածի 1-ին մասի, 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և այն ոստիկանության Մալաթիայի բաժնից փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին: