Քեմբրիջ քաղաքում գտնվող Moderna Therapeutics բիոտեխնիկական ընկերությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ է մշակել ու դրա առաջին խմբաքանակներն ուղարկել փորձարկման: Այս մասին տեղեկանում ենք time.com-ից:
Հունվարի կեսերին չինացի հետազոտողները թողարկել են COVID_19 վիրուսի գենետիկական հաջորդականությունը, ինչից 42 օր անց ընկերության աշխատակիցներին հաջողվել է ստանալ պատվաստանյութը։ Առաջին սրվակները ուղարկվել են ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտին (NIAID), Բեթհեզդա նահանգի Առողջապահության ազգային ինստիտուտին (NIH), որը ապրիլին կսկսի պատվաստանյութի փորձարկումը:
NIH գիտնականները կորոնավիրուսով վարակվածի վրա սկսել են փորձարկել remdesivir հակավիրուսային դեղամիջոցը, որը մշակվել էր Էբոլա վիրուսի համար: Նշվում է, որ կորոնավիրուսով վարակված անձը կամավոր ցանկություն է հայտնել մասնակցել փորձարկմանը։
Նշենք, որ ընկերության համահիմնադիրն ու տնօրենը ազգությամբ հայ Նուբար Աֆեյանն է, ով մասնակցել է կենսաբանական ուղղվածություն ունեցող 20-ից ավելի հաջողակ գիտական և տեխնոլոգիական հաստատությունների հիմնադրմանը և կայացմանը։ Հիմնադրել և ղեկավարել է կենսաբանական սարքավորումների և գործիքների արտադրության ոլորտի առաջատար PerSeptive Biosystems կազմակերպությունը: