ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին: Նախատեսվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տեղի ունեցած դեպքերը: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Նախատեսվում է, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքով զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառել նաև հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տեղի ունեցած դեպքերը»,-ասել է Բալայանը:
Նա նշել է, որ Զինված ուժերի առօրյա գործունեության ընթացքում առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ այդ դեպքերը տեղի չեն ունենում անմիջական մարտական գործողությունների մեջ, կամ զինծառայողները չեն գտնվում մարտական հերթապահության մեջ, կամ չեն կատարում հատուկ առաջադրանք, սակայն հակառակորդի հեռահար հրետակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը հասցվում է վնաս: Նման դեպքերում զինծառայողների կարգավիճակը սահմանվում է որպես ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում տեղի ունեցած դեպք:
Նախատեսվող հատուցման գումարը կվճարվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցներից: