ՍԴ որևէ դատավոր փետրվարի 27-ի ժամը 18։00-ի դրությամբ՝ ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզաոյանին ՍԴ որևէ դատավոր վաղաժամ թոշակի գնալու դիմում չի ներկայացրել։ Այս մասին yerkirmedia.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանը։ Ավելի վաղ արդեն հաղորդել էինք, որ փետրվարի 27-ին լրանում է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգին անցնելու վերջնաժամկետը, ըստ որի՝ երկամսյա ժամկետում 7 դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, եթե մինչ այս օրը հրաժարական տային, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանային իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Դրա համար հարկատուները կվճարեին ավելի քան 600 միլիոն դրամ։
Հիշեցնեմ, որ ավելի վաղ Ազգային ժողովը 75 կողմ և 34 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: Այն հաստատվել էր նաեւ Հայաստանի նախագահի կողմից։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախագծի մասին Ազգային ժողովում իր ելույթում հայտարարել էր, որ սա հնարավորություն է տալիս ՍԴ դատավորներին «պատվով հեռանալ, սեղմել պետության կողմից իրենց մեկնված ձեռքը և չխոչընդոտել 2015-ի փոփոխություններով նախատեսված Սահմնադրական դատարանի նոր մոդելի ձևավորմանը»։