Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստում հայտարարել է, որ կորոնավիրուսի կապակցությամբ խուճապի մատնվելու պատճառ չկա, առողջապահության նախարարությունը եւ համապատասխան մյուս գերատեսչությունները համակարգված կերպով վերահսկում են իրադրությունը:
Փետրվարի 26-ի երեկոյան Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակակիրը Վրաստանի 50-ամյա քաղաքացի է, որը եկել է Իրանից: Նա Վրաստան Է հասել Ադրբեջանի տարածքով: Վարչապետը նշել է, որ հունվարի 28-ին ստեղծված համակարգող խորհրդի ակտիվ աշխատանքի շնորհիվ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է սահմանին, եւ վարակվածը փաստորեն հնարավորություն չի ունեցել շփվելու Վրաստանի քաղաքացիների հետ:
«Դա առաջին դեպքն էր, որը գրանցվեց հենց սահմանին, ինչի համար ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության աշխատակիցներին, ինչպես նաեւ մաքսավորներին եւ սահմանապահ ծառայության աշխատակիցներին»,-հայտարարել է Գախարիան: