10926 դիտում, 2020.02.26 13:07

«ՈՉ» քարոզչական կողմը «ԱՅՈ»-ի ներկայացուցիչներին առաջարկում է պահպանել հանրաքվեն կարգավորող օրենսդրության տրամաբանությունը

«ՈՉ» քարոզչական կողմը «ԱՅՈ»-ի ներկայացուցիչներին առաջարկում է  պահպանել  հանրաքվեն կարգավորող օրենսդրության տրամաբանությունը

«ՈՉ» քարոզչական կողմը ներկայացնող իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ֆեյսբուքյան իր էջում «ՈՉ»-ի անունից հայտարարություն է տարածել, որում քաղաքական իշխանության ներկայացուցիչներին առաջարկվում է պահպանել հանրության առջև ստանձնած հանձնառությունը և հանրաքվեն կարգավորող օրենսդրության տրամաբանությունը՝ ապահովելով օրենքով սահմանված 100 միլիոն ՀՀ դրամը գերազանցող հանգանակության գումարի փոխանցումը ՀՀ պետական բյուջե։ Հայտարարությունը հրապարակում ենք  առանց խմբագրման․

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օրեր շարունակ քաղաքական իշխանության ներկայացուցիչները հրապարակավ հայտարարում էին, որ փետրվարի 25-ին իրենց կազմակերպած դրամահավաքի նպատակը հանրաքվեի քարոզարշավի ֆինանսավորումն է։ Նույն նպատակը նշված է նաև գործարարներին ուղարկված հրավիրատոմսերում։ Հարկ է ընդգծել, որ համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի՝ քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով կարող է ստեղծվել «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության մեկական հիմնադրամ։ Իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնադրամի հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 100 միլիոն ՀՀ դրամը․ այդ չափը գերազանցող մուծումները պետք է փոխանցվեն պետական բյուջե։

Այնուհանդերձ, փետրվարի 25-ի դրամահավաքի մեկնարկից որոշ ժամանակ անց վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացնում է դրամահավաքի՝ նախապես հայտարարածից տարբերվող նպատակ՝ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԸՆԹԱՑԻԿ կարիքների ապահովումը»՝ ավելացնելով, որ «նվիրատվության ՈՐՈՇ ՄԱՍՆ ուղղվելու է «Այո՛» նախընտրավի շտաբի քարոզարշավի կազմակերպմանը»։ Ամենայն հավանականությանմբ, հանգանակության նպատակի այս հընթացս փոփոխությունը կատարվել է 100 միլիոն դրամ սահմանաչափի մասին հստակ օրենսդրական պահանջը շրջանցելու նպատակով, քանի որ քաղաքական իշխանության ներկայացուցիչների պնդմամբ՝ փետրվարի 25-ին կազմակերպած դրամահավաքին հանգանակվել է շուրջ 205 միլիոն դրամ։

Վերոգրյալի հիման վրա քաղաքական իշխանության ներկայացուցիչներին առաջարկում ենք պահպանել հանրության առջև ստանձնած հանձնառությունը և հանրաքվեն կարգավորող օրենսդրության տրամաբանությունը՝ ապահովելով օրենքով սահմանված 100 միլիոն ՀՀ դրամը գերազանցող հանգանակության գումարի (շուրջ 105 միլիոն դրամ) փոխանցումը ՀՀ պետական բյուջե։

«ՈՉ» քարոզչական կողմ

 

 

կիսվել նյութով -