Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 25-ին Վեհարանում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների:
Ինչպես տեղեկացնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձ է կատարել պատգամավորների կարևոր առաքելությանը և նրանց ուսերին ծառացած մեծ պատասխանատվությանը՝ օրենսդրական գործունեությամբ նպաստելու հայրենիքի առջև հառնած մարտահրավերների հաղթահարմանը և քաղաքացիների կյանքի կանոնակարգմանը։
Վեհափառ Հայրապետն արձանագրել է, որ հայ հոգևորականության տեսլականն ու իրականացվող ծրագրերը նաև ուղղված են պետականաշինության գործընթացին և հայրենիքի զորացմանը:
Այս առումով Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ օրենսդիր մարմնի անդամներն ու եկեղեցականներն ունեն նախանձախնդրության նույն ոգին և առաջնորդվում են նույն գիտակցությամբ՝ տեսնելու հայրենի երկիրը զորեղ, ժողովրդի կյանքը՝ բարօր:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայրենի կյանքը հուզող զանազան երևույթների, Հայոց Եկեղեցու առաքելության և հովվական, կրթական և սոցիալական ոլորտներում գործունեության վերաբերյալ։ Մասնավոր կարևորություն է ընծայվել Եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորմանը և ՀՀ Զինված Ուժերում եկեղեցականների հոգևոր ծառայությանը։