Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին տեղեկությունը տեղադրված է Դատական տեղեկատվական համակարգում:
Դատական հայցով Հրայր Թովմասյանը դատարանից պահանջել է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար եւ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Հայցադիմումը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին: Հրայր Թովմասյանի շահերը ներկայացնելու է փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն եւ մերժվել: Թովմասյանն իր հերթին «շինծու եւ իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներ» էր այն որակել, Փաշինյանին հորդորել էր «գոնե մեկ արժանահավատ փաստ» հրապարակել: Ի պատասխան դրա՝ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մի գրչի լուսանկար էր տեղադրել՝ գրելով, որ դա Հրայր Թովմասյանի գրիչն է:
«Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն»,- գրառել էր նա։ Դրանից հետո Հրայր Թովմասյանը հայտնել էր դատարան դիմելու մտադրության մասին։