կարևոր
1337 դիտում, 1 տարի առաջ --> 2020-02-24 10:32

Երևանում մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը

Այսօր Երեւանում մեկնարկել է Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը, որին մասնակցելու են աշխարհի տարբեր անկյուններում գործող Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից եւ գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։

Համաժողովի օրակարգը վերաբերում է Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների աշխատանքների բոլոր ոլորտներին՝ Արցախի հիմնախնդրից մինչեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ադրբեջան հակահայ պայքար։

Փետրվարի 25-ին խորհրդաժողովը կշարունակվի Ստեփանակերտում, Արցախի Ազգային Ժողովի նիստերի դահլիճում։ Աշխարհի բազում անկյուններում գործող Դաշնակցության հայ դատի հանձնախմբերը կարեւորագույն դերակատարությունն ունեն տարբեր ազգային, նահանգային մակարդակներում Հայոց Ցեղասպանության հարցի արծարծման, Հայաստանի հետհարաբերությունների սերտացման աշխատանքներում։

Հանձնախմբերի ակտիվ գործունեության արդյունքում ԱՄՆ որոշ նահանգներում, Ավստրալիայում եւ մի շարք այլ երկրներում ճանաչվել է Արցախի անկախությունը։