Վրաստանի կառավարության որոշմամբ ավիահաղորդակցությունը Վրաստանի և Իրանի միջև ժամանակավորապես դադարեցվել է: Լուրը փոխանցում է tert.am-ը: Ըստ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հաղորդագրության՝ ներկա պահին կորոնավիրուսով հիվանդացության որևէ դեպք չի գրանցվել:
Իր հերթին քաղաքավիացիայի գործակալությունն արդեն տեղեկացրել է Taban Airlines, Qeshm Airlines և Zagros ավիաընկերություններին, որ Վրաստան կարող են թռչել միայն դատարկ՝ Վրաստանից Իրանի քաղաքացիներին տանելու համար:
«Սահմանափակումները կգործեն մինչև Իրանում համաճարակի հետ կապված իրավիճակի վտանգների նվազումը: Վրաստանի կառավարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը, շարունակում է աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ և անհրաժեշտության դեպքում չենք բացառում, որ սահմանափակումներ կկիրառվեն նաև ցամաքային սահմանին»,- ասվում է վրացական նախարարության հայտարարության տեքստում: