կարևոր
3136 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-23 13:41

Թափառող շները էֆթանազիայի չեն ենթարկվել․ «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ

 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից ավելի քան 30 շուն տարվել և հետազոտվել են մասնագետների կողմից։ Հետազոտությունների արդյունքում կենդանիների մոտ կատաղություն հիվանդություն չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է  «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ը, մանրամասնելով, որ վերջին օրերին կենտրոնն աշխատել է արտակարգ ռեժիմով, ելնելով քաղաքացիների՝ մասնավորապես Մալաթիա Սեբաստիայի բնակիչների ահազանգերի շատ մեծ քանակից:

 Համաձայն ստացվող տեղեկատվության վերոնշյալ համայնքում թափառող շները ագրեսիվ վարքագիծ են ցուցաբերել՝  հարձակվելով և վնասելով բնակիչներին, հատկապես երեխաներին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, տուգումների ավարտից հետո կենդանիների որոշ մասը վերադարձվել է նույն տարածք, իսկ դպրոցների և մանկապարտեզների կից տարածքներից հավաքված շները տեղափոխվել են այլ տարածքներ՝ նմանատիպ երևույթներից խուսափելու նպատակով: Բերված կենդանիներից 6 շուն իրենց չափերով խոշոր լինելու պատճառով, տրվել են անհատ խնամողների ՝ սեփական տարածքում պահելու, շան և հասարակության անվտանգությունը ապահովելու նպատակով:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք, որ տվյալ տարածքից բերված ոչ մի կենդանի էֆթանազիայի չի ենթարկվել (չի քնեցվել)»,- նշված է կենտրոնի  ֆեյսբուքյան գրառման տեքստում։