Ռազմական փորձագետ Ալեն Ղուլյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Փետրվարի 15-ին, Փաշինյան-Ալիև մյունխենյան դեբատի օրը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ «հայկական կողմի արձակած» կրակից նույն օրը սպանվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Սեյմուր Էլդար օղլու Ալեսկերովը (Ələsgərov Seymur Eldar oğlu)։
Սա այն եզակի դեպքերից էր, երբ ադրբեջանական կողմը հայտնում էր կորստի մասին։ Միակ պատճառն այն էր, որ Իլհամը պետք էր Մյունխենում բարձրաձայներ հայկական կողմի թարմ «ագրեսիայի» և «սադրանքների» մասին, ինչը և նա արեց դեբատի ժամանակ։
Իհարկե զինծառայողի պաշտոնի, կոչման եւ ծառայության վայրի մասով Ադրբեջանի ՊՆ-ն այդպես էլ որևէ տեղեկություն չհայտնեց։ Միայն սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթի մշտադիտարկումից է հայտնի դարձել, որ սպանվածը 30 ամյա ենթասպա է։ Դեպքի հաջորդ օրը մշտադիտարկմամբ տեղեկություններ էին ստացվում, որ սպանվածը դիպուկահար էր, սակայն տեղեկությունը հաստատող որևէ փաստ չէր հաջողվում գտնել։
Երեկ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում առաջնագծում արված այս լուսանկարն է հայտնվել, որտեղ հստակ երևում է, որ զինծառայողը առաջնագծում ծառայություն էր իրականացնում "MultiCam" քողարկաներկված համազգեստով, որն իրենց զինված ուժերում միայն հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն են հագնում։ Ուշադրություն դարձրեք նաև տակտիկական ձեռնոցներին և ատրճանակի պատյանին։
Իսկ թե ինչ նպատակով են Ադրբեջանի ՊՆ հատուկ նշանակության զինծառայողնեըը Փաշինյան-Ալիև հանդիպման օրը տեղափոխվել առաջնագիծ` հետևությունները ու եզրակացությունները թողնում եմ Ձեզ»: