ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը կարևորում է պետական գնումների համակարգում ՓՄՁ-ների հետաքրքրության աճը, բողոքարկման համակարգի կատարելագործումն ու հաշվետվողականության բարձրացումը։ Մանուկյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում հանձնաժողովի կողմից կազմակերպված «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումներին:
«Կանաչ գնումները ԵՄ երկրների և տարբեր համաձայնագրերով կարևորվում են: Մեր օրենսդրությունն էլ, կարծես թե, դրա մասին խոսում է, օրինակ՝ որոշակիորեն անդրադառնում է պետական գնումներով էներգաարդյունավետության ապահովմանը, այնուամենայնիվ, այդ համալիր փաթեթները չկան»,-ասաց Մանուկյանը:
Նա նշեց՝ պետք է նաև ապահովեն ավելի լավ մրցակցային միջավայր, պետք է նպաստեն, որ համակարգն ավելի գրավիչ դառնա: Պատգամավորը կարևորեց նաև բողոքարկման համակարգի կատարելագործումը: «Ես անձամբ մոնիտորինգ եմ արել, տեսել եմ, որ համանման բողոքի մասով բողոքը քննող նույն անձը հաճախ տարբեր որոշումներ է կայացնում: Հարց է առաջանում, թե որն է այն ռացիոնալ հիմքը, որ մենք կարողանանք զսպել ինչ-ինչ գայթակղությունները»,-ասաց նա:
Մանուկյանը կարևորեց նաև հաշվետվողականությունն ու թափանցիկությունը: «Այս մասով բավականաչափ մեծ աշխատանք կա, ամեն ինչ ավտոմատացնելու գայթակղությունը մեծ է, բայց տվյալների մուտքագրման որակը, իմ կարծիքով, դեռևս մնում է խնդրահարույց»,-ասաց Մանուկյանն ու նշեց՝ քննարկմանն այդ հարցադրումներին ևս կանդրադառնան:
Պատգամավորը նաև նկատեց՝ ՓՄՁ-ների կողմից գնումների համակարգի նկատմամբ ցածր հետաքրքրվածություն կա: Նա կարևորեց այս ուղղությամբ տարվող քայլերը: