430 դիտում, 2020.02.21 00:54

Միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի բանակում բարեփոխումների օրակարգով

Միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի բանակում բարեփոխումների օրակարգով

Բանակում բարեփոխումների օրակարգով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2020թ. ընթացքում բանակում խաղաղ պայմաններում 13 զինծառայողի մահվան դեպքերին:

«Բանակում կադրային էական փոփոխություններ են տեղի ունեցել, և շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է կատարվում: Դժբախտ պատահարների ու հիվանդությունների պարագան մի պարագա է, ոչ կանոնադրային հարաբերությունների պարագան ուրիշ պարագա է: Շուտով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումները կդարձնի իր աշխատանքային թեման, և հուսով եմ, որ մենք կշարունակենք բանակի բարեփոխումները, կկարողանանք առաջ շարժվել բանակում զոհերի դեպքերի պատմական մինիմումներով: 2019թ. արձանագրվել է բոլոր պատճառներով բանակում տեղի ունեցած զոհերի պատմական մինիմում: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել բոլոր պատճառներով, քան 2019 թվականին»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ բանակում արձանագրված մահերի պատճառ է նաև քրեական ենթամշակույթի առկայությունը, որը պետք է արմատախիլ արվի այնտեղից:
«2020թ. զոհերից հինգը մահացել են հիվանդության պատճառով՝ մի մասը ծառայության, մյուս մասը ոչ ծառայության մեջ: 4-ը դժբախտ պատահարի հետևանքով, և չորս ինքնասպանության դեպք է տեղի ունեցել: Խնդիր է սա արդյոք, թե ոչ, հիվանդությունների հետ կապված խնդիր է, որովհետև պետք է մեր առողջապահական համակարգը դարձնենք այնպիսին, որ ավելի բարձր մակարդկով ապահովվի հանրության ու զինծառայողների առողջությունը, դժբախտ պատահարները նույնպես խնդիր են»,- նշեց վարչապետը:
Արձանագրված դեպքերից հետո ՀՀ վարչապետի առաջարկով և նախագահի՝ փետրվարի 18-ի հրամանագրերով պաշտոնանկ են արվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը:

կիսվել նյութով -