11148 դիտում, 2020.02.21 00:29

Փաշինյանի դիրքորոշմամբ՝ իշխանությունը չպետք է գնա կառավարման համակարգի շրջադարձային փոփոխության

Փաշինյանի դիրքորոշմամբ՝ իշխանությունը չպետք է գնա կառավարման համակարգի շրջադարձային փոփոխության

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմամբ՝ իշխանությունը չպետք է գնա երկրում կառավարման համակարգի շրջադարձային փոփոխության: Այս մասին Փաշինյանն ասաց Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մեր մտածածը հետևյալն է, որ մենք իրականացնենք Սահմանադրական փոփոխություններ, լուրջ, բովանդակային փոփոխություններ, դե-ֆակտո, առանց խոշոր, սկզբունքային կառուցակարգեր փոխելու, բայց դե-յուրե դա լինի նոր սահմանադրության ընդունում, որպեսզի մեկ անգամ ժողովուրդը գա և քվեարկի, և ընդունի այդ սահմանադրությունը: 

Իսկ, եթե չքվեարկի, առնվազն, մենք այն, ինչ ունենք, կունենանք։ Մեր խնդիրն է՝ ունենալ լեգիտիմ, լիարժեք, անառարկելի (Սահմանադրություն-խմբ. ), որ ժողովուրդը համարի իր ընդունածը, և, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես հիմա երևում է, որ պետք է ընթանա, ըստ ամենայնի հնարավոր կլինի այդ գործընթացը զուգակցել հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ»,- ասաց Փաշինյանը:

Նա գործընթացը կարևորում է այն 

համատեքստում, որ 1995, 2005 և 2015 թվականների Սահմանադրական հանրաքվեները եղել են կասկածելի, և սահմանադրության լեգիտիմության խնդիրը կա: 

«Մենք Սահամանադրական իրականություն ստեղծելու ճանապարհով ենք գնում: Իմ դիրքորոշումն այն է, որ մենք կառավարման համակարգի փոփոխության, շրջադարձային փոփոխությունների չպետք է գնանք, կարծում եմ, որ դա կլինի նաև մեր քաղաքական թիմի գնահատականը, բայց սահմանադրական փոփոխությունները մշապես գոյություն ունեցող օրակարգ են ցանկացած երկրում»,-նշեց վարչապետը՝ նկատելով, որ ապրիլի 5-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելով ժողովուրդն իր քվեով կընտրի Սահմանադրությունը:

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

կիսվել նյութով -