Սիրիայի Իդլիբ նահանգում լարվածությունը ոչ մի րոպե չի նվազում: Սիրիական լրատվամիջոցների տեղեկություններով՝ այս պահին էլ թեժ մարտերն ընթացքի մեջ են:
Զինյալները, Թուրքիայի աջակցությամբ, գնդակոծում են սիրիական կառավարական բանակի դիրքերը: Ռուսական օդուժն էլ հրթիռակոծում է ահաբեկիչների հսկողության տակ գտնվող շրջանները:
Մինչ Իդլիբում պայթյունները շարունակում են որոտալ, Մոսկվան փորձում է Անկարայի հետ դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը, բայց առայժմ ապարդյուն: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի խոսքով՝ ինչ-ինչ հարցերում իրար հասկացել են, սակայն Թուրքիային բավարարող լուծումներ Ռուսաստանը դեռ չի առաջարկել:
Պաշտոնական Անկարան պնդում է, որ Իդլիբից հեռանալ չեն պատրաստվում, այնտեղ գտնվող թուրքական դիտակետերն էլ թողնելու մասին խոսք գնալ չի կարող:
Սիրիայի կառավարական բանակը շրջափակել է թուրքական դիտակետերից մի քանիսը:
Նախօրեին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ իր բանակը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Իդլիբում: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն էլ գրոհը դադարեցնելու մտադրություն չունի: Իդլիբը պետք է ամբողջությամբ ազատագրի: