Արցախի վերածննդի օրվա կապակցույամբ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «1988 թվականի փետրվարի 20-ի իրադարձությամբ, ձեւավորված համաժողովրդական շարժմամբ հայ ժողովուրդը կրկին ցույց տվեց իր միասնությունը, կարեւորագույն պահերին որպես մեկ միասնական բռունցք համախմբվելու եւ վճռականությամբ գործելու կարողությունը՝ հանուն ազգային նպատակների իրականացման»,- ասվում է վարչապետի ուղերձում:
Ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումն ու ժողովրդավարական ազատություններն ինչպես 1988-ին, այնպես էլ այսօր, ըստ վարչապետի, շարունակում են մեզ համար մնալ հստակ նպատակակետ:
«Մենք համոզված ենք, որ միասնական ջանքերով հասնելու ենք մեր նպատակներին, քանի որ հավատարիմ ենք այն պայքարին ու ձգտումներին, որոնք անշրջելի են դարձնելու Արցախի բռնած ազատության ճանապարհը: Կեցցե ազատ Արցախը, կեցցե համայն հայությունը»,- ասված է Փաշինյանի ուղերձում: