Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Վերածննդի օրվա առիթով: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս այս պատմական՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ: 1988-ի այս օրը ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը որոշում ընդունեց մտնել Հայաստանի կազմի մեջ, ինչին իր լիարժեք աջակցությունը հայտնեց ոչ միայն Հայաստանի ժողովուրդը, այլև ողջ աշխարհի համայն հայությունը:
1988 թվականի փետրվարի 20-ի իրադարձությամբ, ձևավորված համաժողովրդական շարժմամբ հայ ժողովուրդը կրկին անգամ ցույց տվեց իր միասնությունը, կարևորագույն պահերին որպես մեկ միասնական բռունցք համախմբվելու և վճռականությամբ գործելու կարողությունը՝ հանուն ազգային նպատակների իրականացման:
Ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումը և ժողովրդավարական ազատություններն ինչպես 1988-ին, այնպես էլ այսօր շարունակում են մեզ համար մնալ հստակ նպատակակետ: Եվ մենք համոզված ենք, որ միասնական ջանքերով հասնելու ենք մեր նպատակներին, քանի որ հավատարիմ ենք այն պայքարին ու ձգտումներին, որոնք անշրջելի են դարձնելու Արցախի բռնած ազատության ճանապարհը։