կարևոր
3698 դիտում, 3 տարի առաջ - 2020-02-20 13:53

Հրդեհ՝ Ռուբինյանց փողոցի բնակարաններից մեկում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 20-ին, ժամը 12:27-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում, ծխապատված է շենքի ամբողջ մուտքը. մարդկանց կյանքին վտանգ է սպառնում: 

Հրշեջ-փրկարարների կողմից ընտրվել է ճիշտ մարտավարություն. ստեղծված իրավիճակում գործել են օպերատիվ՝ միաժամանակ կազմակերպելով փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ:

Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են տարհանման միջոցառումներ. ծխապատ գոտուց անվտանգ տարածք է տարհանվել 7 քաղաքացի, որոնց կյանքին այլևս վտանգ չի սպառնում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:11-ին, մարվել՝ ժամը 13:24-ին: 

Հրդեհի հետևանքով այրվել է 1-ին հարկի բնակելի բնակարաններից մեկը՝ ամբողջությամբ և, ըստ նախնական տվյալների, ջերմահարվել են նաև այրված բնակարանի վերևի՝ 2-րդ և 3-րդ հարկերի բնակարանների պատուհանները: