864 դիտում, 2020.02.20 09:45

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախահահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ:

1988-ի փետրվարի 20-ին, Ստեփանակերտում  տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը, որն իրավական ուժ հաղորդեց մեր ժողովրդի բազմամյա նկրտումներին եւ ազդարարեց նրա նվիրական իղձերի ու նպատակների իրականացման մեկնարկը:

Նստաշրջանը, չնայած բռնատիրական Ադրբեջանի բիրտ ճնշումներին, տեղի ունեցավ՝ ժողովրդավարության սկզբունքներին ու նորմերին, օրենքի տառին ու ոգուն խիստ համահունչ: Եվ ընդունվեց որոշում, որի համար մեր ժողովուրդը պայքարում էր տասնամյակներ շարունակ:

Դա պայքար էր՝ ուղղված պատմական արդարության վերականգնմանը, մարդու իրավունքների ու ազատությունների, համամարդկային ու ազգային արժեքների պաշտպանությանը: Դա պայքար էր, որի համար ոտքի էր ելել համայն հայությունը՝ Ղարաբաղում, մայր Հայաստանում եւ սփյուռքում:

Այդ օրը դարձավ մեր ժողովրդի սխրանքի, վճռականության ու ազատասիրության, մեր համազգային միասնականության խորհրդանիշը:

Սիրելի՛ հայրենակիցներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին այս հիշարժան տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն ու մեծագույն հաջողություններ հայոց պետականաշինության ճանապարհին»:

կիսվել նյութով -