202 դիտում, 2020.02.19 11:20

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին նիստի օրը հայտնի է

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակվել է փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին:

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք՝ հունվարի 10-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել էր: Օրեր անց Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հունվարի 29-ին էլ Դատախազությունը հաստատել էր մեղադրական եզրակացությունները՝ գործն ուղարկելով դատարան: Այն մակագրվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանին:

Հիշեցնենք, որ քրեական գործով, մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

կիսվել նյութով -