1056 դիտում, 2020.02.19 10:47

Դանակահարություն՝ Երևանում․ «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքից 2 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց

Դանակահարություն՝ Երևանում․ «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքից 2 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ փետրվարի 18-ին, Ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրնց մոտ է տեղափոխվել 2 երեխա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչներ՝ 18-ամյա Գոռ Գ-ն և 17-ամյա Գուրգեն Ի-ն։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներից Գուրգեն Ի-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ Գոռ Գ-ն գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Փափազյան 8 հասցեում գործող «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքից։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների հետ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 20։30-ի սահմաններում նշված առևտրի կենտրոնին հարակից տարածքում Գոռ Գ-ի և Գուրգեն Ի-ի հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 16-ամյա Արման Ս-ն, 16-ամյա Ալբերտ Ս-ն, 16-ամյա Համլետ Մ-ն և 18-ամյա Մանուկ Մ-ն, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Ալբերտ Ս-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Գոռ Գ-ին և Գուրգեն Ի-ին։

Նշված անձանցից Ալբերտ Ս-ն և Արման Ս-ն ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել։ Արաբկիրի ոստիկաննեչրը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս անձանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նշենք նաև, որ փետրվարի 15-ին, Արագածոտնի մարզում ևս տեղի էր ունեցել դեռահասների մասնակցությամբ վիճաբանություն-դանակահարության դեպք: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները նկատել են Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի թիվ 20 հասցեի դիմաց վիճաբանող մի խումբ դեռահասների, որոնք Փարաքար գյուղի բնակիչներ են՝ 16-ամյա Համլետ Ե.-ն, 16-ամյա Մանուկ Բ.-ն, 16-ամյա Վազիր Խ.-ն, 16-ամյա Արմեն Հ.-ն, 17-ամյա Գևորգ Մ.-ն և 16-ամյա Գարիկ Կ.-ն: Նշված անձինք ներկայացել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ Արմեն Հ.-ն աջից գոտկային շրջանում ունի կտրած-ծակած վերք: Ոստիկանները նրան տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Արագածոտնի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիճաբանութունը տեղի է ունցել նշված անձանց և Աշտարակ քաղաքի բնակիչներ, 14-ամյա Վանիկ Ն.-ի, 15-ամյա Արմեն Տ.-ի և 14-ամյա Սարգիս Ս.-ի միջև, որի ժամանակ էլ, ըստ նախնական տեղեկությունների՝ Արմեն Հ.-ին դանակահարել է Արմեն Տ.-ն: Վերջինս ներկայացվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ տեղափոխվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը՝ մասնակի կոտրված վիճակում:

կիսվել նյութով -