336 դիտում, 2020.02.19 09:42

Այսօր գիրք նվիրելու օրն է

Այսօր գիրք նվիրելու օրն է

Հայաստանում այսօր՝ փետրվարի 19-ին, նշվում է Գիրք նվիրելու օրը:

Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մեկ տասնամյակից ավելի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Ամենայն հայոց բանաստեղծը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին (հին տոմարով փետրվարի 7-ին) Լոռվա Դսեղ գյուղում:

Այդ օրը Հայաստանում անցկացվում են տարբեր միջոցառումներ: Հայաստանում փորձում են վերականգնել պատմական ավանդույթները ու աճող սերնդին գրքերի նկատմամբ սեր ներարկել: Տոնական միջոցառումները ներառում են հրապարակային ընթերցանություններ, լուսավորչական ու մշակութային ակցիաներ, ընթերցողների հետ հայ գրողների հանդիպումներ: Եվ իհարկե, այդ օրը յուրաքանչյուրը կարող է հրաշալի նվեր մատուցել իր հարազատ մարդուն՝ գիրք նվիրել: 

Դսեղում Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանն ընդգծել է, պատրաստել են ցուցանակներ, որոնց վրա մեջբերել են Թումանյանի այն տողերը, որոնք վերաբերում են գրքերին: «Դսեղի դպրոցի`տարբեր մրցույթներում հաղթած աշակերտները ասմունքելու են հեղինակի բանաստեղծությունները: Հյուրընկալելու ենք  ներկայացուցիչների Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից, Հայաստանի ազգային գրադարանից»,-նշեց Ղազումյանը:

Երևանում Հովհաննես Թումանյանի թանգարանը ևս միջոցառումների հագեցած ծրագիր է պատրաստել:  Թանգարանում «Թումանյանի կենացը» ավանդական հյուրասիրություն և խաղ-մրցույթ կանցկացվի, թանգարանն իր հրատարակած գրքերը կվաճառի հատուկ գնացուցակով, կներկայացնի «Ընտանեկան փոստարկղ» կրթական ծրագրի, «Սիրունի՜կ, սիրունի՜կ» և «Ձեր ծանոթները» մանկական բանաստեղծությունների գունազարդ գրքի շնորհանդեսները:  Համերգային ծրագրով հանդես կգա «Տիեզերք» բենդը:

կիսվել նյութով -